Օրերս «White Crow» փաբում տեղի ունեցավ ԱՐԵՎ ԶՈՐԻԿՅԱՆԻ «Հոգեբուժարան» գրքի շնորհանդեսը: Երեկոն վարում էր հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը: Շնորհանդես-քննարկումն ուղեկցվեց համերգային մասով` Դավիթ Մուշեղյանի, Արմինե Հայրապետյանի, Վահե Քոչարի, Էդուարդ Զորիկյանի, Կարեն Մամիկոնյանի, Արմեն Ադամյանի, Ռուբեն Դալլաքյանի, Խորեն Միքայելյանի և Արտաշ Դարբինյանի մասնակցությամբ:
-Արև, ինչի՞ մասին է գիրքդ:
-Մեկուսի ապրող մարդկային տեսակի հոգևոր աշխարհի: Ինքնատելության, թե ինչպես է այն կործանում մարդուն և նրան շրջապատողներին:
-Ինչո՞ւ «Հոգեբուժարան»:
-Նախ, դեպքերը զարգանում են հոգեբուժարանում: Ի վերջո, մեր երկրագունդը մի մեծ հոգեբուժարան է, ուր ամեն մարդ հոգեկան խախտում ունի: Ամեն մեկը յուրովի հիվանդ է` լավ, թե վատ տեսանկյունից:
-Չեխովի հերոսին հաջողվում է մեկ խելացի մարդու գտնել, այն էլ` հոգեբուժարանում: Կյանքին, մարդկանց միջև գծվող սահմաններին այդ տեսանկյունից նայե՞լ ես:
-Ես խենթերին շատ եմ սիրում: Նրանք այն մարդիկ են, ովքեր զգում ու տեսնում են այն ամենը, ինչ սովորական մարդիկ չեն էլ նկատում: Ինչպես Սևակն է ասում` ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց:
Մեր բակում մի խենթ է ապրում: Միշտ ժպիտը դեմքին, Չարենց արտասանելով քայլում է, կամ մի թղթի կտորի վրա հանպատրաստից ինչ- որ բանաստեղծություն արտասանելով` գրի է առնում: Ես նրան շատ եմ սիրում ու խիստ հետաքրքրված եմ նրանով, մեկ-մեկ նույնիսկ ծածուկ հետևում եմ: Գուցե հաջորդ պիեսի հերոսը հենց նա լինի:
-Մինչ տպագրվելը պիեսդ ընթերցողներ ունեցե՞լ է:
-Մի քանի հոգի: Խմբագրողները, թատերագետ Անուշ Ասիլբեկյանը, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը, երգահան և պոետ Վահե Քոչարը` իմ ամենալավ ընկերը, ում կարծիքը շատ կարևոր է ինձ համար, ինչպես նաև հայրս և մայրս :
-Համարձակ քայլ է 20 տարեկանում գրքով ներկայանալը: Ի՞նչ մտավախություններ ունես: Քննադատություններից չե՞ս վախենում:
-Ո´չ: Ես համոզված եմ, որ շատ եմ քննադատվելու: Դրա միջով ամեն մի լավ գրող անցել է, ով փորձել է նոր բան ներկայացնել ու նոր էջ բացել: Ես էլ պատրաստ եմ գնալու այդ փշոտ ուղիով:
-Հնարավո՞ր է բեմականացվի պիեսդ:
-Ճիշտն ասած՝ ես ավելի շատ ֆիլմն եմ պատկերացնում, բայց եթե որևէ բեմադրիչ այն բեմականացնի, իհարկե, ինձ շոյված ու գնահատված կզգամ:
-Դու գրում ես, հայրդ` Էդուարդ Զորիկյանը, հեղինակային երգի վարպետ է, եղբայրդ` Հայկ Զորիկյանը, մնջասաց: Երեքով մեկ ընդհանուր ծրագիր ներկայացնելու նպատա՞կ ունեք:
-Ոչ: Ես շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որ նրանց հետ մի տեղում կանգնեմ, նրանք արդեն կայացած են, իսկ ես նոր եմ սկսում իմ ուղին:
-Արև, «Դստրիկիս նկարը» երգը հենց քո մասին է, քանդված Երևանի, քանդված (քանդվող) տների մասին է: Նոր Երևանը քեզ դո՞ւր է գալիս:
-Ո´չ: Այն շատ օտար է ինձ, իսկ իմ հին Երևանը գնալով ոչնչացվում է: Մի քանի շենք է մնացել հին Երևանից: Մտավախություն ունեմ, որ այն, ինչ մնացել է` նույնպես հողին կհավասարեցնեն: Իմ Երևանի կարոտը ես առնում եմ լսելով Մանսուրյան, Բաբաջանյան, Խաչատրյան, Հախվերդյան, Զորիկյան, Մալխասյան, Ֆորշ և, իհարկե, Կոմիտաս, փորձելով մտովի տեղափոխվել նրանց միջավայրը, սև-սպիտակ ֆիլմերի աշխարհը, և քայլել`Ֆրունզի և Խորեն Աբրահամյանի ձեռքը բռնած:
-Վերադառնանք օրվա թեմային: Ինչո՞ւ որոշեցիր գրքիդ շնորհանդեսը կազմակերպել փաբում:
-Որովհետև այսօր Երևանի խենթերը հենց փաբերում են հավաքվում: Եսենինից մի հատված մեջբերեմ, ու հենց ռուսերեն, քանզի բնօրինակից լավ ոչինչ չի կարող լինել:
Земля - корабль!
Но кто-то вдруг
За новой жизнью, новой славой
В прямую гущу бурь и вьюг
Ее направил величаво.
Ну кто ж из нас на палубе большой
Не падал, не блевал и не ругался?
Их мало, с опытной душой,
Кто крепким в качке оставался.
Тогда и я
Под дикий шум,
Но зрело знающий работу,
Спустился в корабельный трюм,
Чтоб не смотреть людскую рвоту.
Тот трюм был -
Русским кабаком.
И я склонился над стаканом,
Чтоб, не страдая ни о ком,
Себя сгубить
В угаре пьяном.
-Ո՞վ է գրքիդ հասցեատերը:
-Ինքս ինձ հետ եմ խոսել, ամբողջ աշխարհի, գուցե մեն մեկի:
-Հաճախ գրքի հեղինակին նույնացնում են գրքի հերոսի հետ: Ինքնակենսագրական տարրեր կան:
-Երկու հերոսների ապրումներն էլ ունեցել եմ: Ֆրիդան և Մոդին իմ մեջ ապրող երկու կերպարներն են ու կյանքի տարբեր ժամանակահատվածներում նրանցից մեկը ղեկը իր ձեռքն է վերցնում: Երկու կերպարներն էլ ինձ հարազատ են:
-Ինքդ ի՞նչ կմաղթեիր առաջին գրքիդ:
-Շատ անծանոթ աչքեր և ձեռքեր:
-Քանի՞ օրինակով է լույս տեսել «Հոգեբուժարանը», և որտեղի՞ց կարելի է ձեռք բերել:
-Այժմ երկու հարյուր օրինակ եմ տպել, եթե սիրվի` տպաքանակը կավելացնեմ: Գիրքը կարելի է ձեռք բերել հենց շնորհանդեսի ընթացքում, ինչպես նաև բուկինիստական գրքերի խանութում:
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ